2010 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումների ինտենսիվության նվազումը պայմանավորված է նրանով, որ Մադրիդյան սկզբունքներում գերակշռում են հայկական կողմի համար անընդունելի դրույթները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ հայկական կողմը այդ սկզբունքներն ընդունում է որպես աշխատանքային փաստաթուղթ, այլ ոչ բանակցությունների առանցք:

Նա կարծիք հայտնեց, որ եթե Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում է տեղի ունենալու, դա նշանակում է, որ բոլոր կողմերը, այդ թվում՝ նաեւ միջազգային հանրությունը, հասկացել են, որ ԼՂ հարցում Թուրքիան որեւէ անելիք չունի եւ չի կարող ունենալ: «Անձամբ ինձ համար, երբ լուրը տարածվեց, որ նախատեսվում է եռակողմ հանդիպում, մի բան շատ հստակ էր, որ Թուրքիայի շանսերը բոլոր առումներով ու իմաստներով ավարտված են, եւ դա նաեւ հասկանալի ու ընկալելի է Ադրրբեջանի համար»,-ասել է Բեքարյանը: 

Նրա ներկայացմամբ, այս հանդիպումը նախորդներից տարբերվելու է նաեւ նրանով, որ հայկական կողմը հստակ ներկայացրել է, որ ԼՂ բանակցային գործընթացում առաջնային է համարում կարգավիճակի հարցը: «Վերջին շրջանում ՀՀ նախագահի ու ԱԳ նախարարի հայտարարություններում հստակության աստիճանը դարձավ լիակատար: Մի քանի անգամ հայտարարվեց, որ ՀՀ համար ամենակարեւորը ԼՂ կարգավիճակի խնդիրն է»,-նշել է փորձագետը՝ միաժամանակ հավելելով, որ լուրջ ակնկալիքներ այդ հանդիպումից չունի, քանի որ բանակցություններին չի մասնակցում Ղարաբաղը: