Սանկտ-Պետերբուրգում կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կարելի է սպասել:

Արդեն փաստը, որ նման բարձր մակարդակի հանդիպում է տեղի ունեցել, որտեղ կողմերը հավաստիացրել են, որ պատրաստ են շարունակել երկխոսությունը, ես դրական եմ գնահատում: Մի շարք պատճառներով, սպասել ինչ-որ բեկում բանակցային գործընթացում պետք չէ, բայց հակամարտող կողմերի շփումները, թեկուզեւ հատվածային կազմով, նախընտրելի են, քան որեւէ շփման բացակայությունը:

Ի՞նչ ազդեցություն կարող է այդ հանդիպումն ունենալ հարաբերությունների հետագա ընթացքի վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները:

Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նման հանդիպումներից հետո լարվածությունը մի փոքր նվազում է հակամարտության գոտում, իսկ անմիջապես սահմանում, ավելի հազվադեպ են հնչում դիպուկահարների կրակոցներ, ինչը ոչ պակաս կարեւոր է: Սակայն մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ փոխհարաբերություններում որակական փոփոխության հասնելու համար ստեղծված չեն համապատասխան միջազգային պայմաններ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին, ապա դրանք կդադարեն այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն ստանա միջազգային ճանաչում եւ դառնա տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության լեգիտիմ մասը: