Այսօր` հունիսի 24-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայաստանյան կենտրոնում տեղի է ունեցել կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի «Լեռնային Ղարաբաղ, պատերազմ եւ քաղաքականություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել ռուսերեն լեզվով:
Ըստ Մանվել Սարգսյանի, ինքը փորձել է վերլուծել պատերազմական շրջանի իրադարձությունները, որոնք իրենց անմիջական ազդեցությունն ունեն Հայաստանի ներկայիս քաղաքական վիճակի վրա: «Ամբողջ պատերազմի ընթացքում Ղարաբաղում դաժան պայքար էր ընթանում իշխանության համար: Մարդիկ սովորաբար չեն ընդունում քաղաքական պայքարը պատերազմական շրջանում՝ գտնելով, որ պետք է միասնական լինել: Սակայն եթե չլիներ այդ պայքարը, դժվար թե ձեւավորվեր այն հզոր բանակը, որ հաղթեց պատերազմը»,- ասել է նա:
Մ. Սարգսյանի ներկայացմամբ, իշխանության համար հակամարտությունը եղել է մի կողմից ՀՅԴ-ի, մյուս կողմից` հայաստանյան իշխանությունների` ՀՀՇ-ի միջեւ, որոնք երկուսն էլ փորձում էին մենաշնորհ հաստատել եւ այդ պատճառով ուժեղացնում, զինում էին մարդկանց: Պատերազմի սկզբում, երբ Ղարաբաղում կազմալուծվեցին բոլոր տեսակի իշխանությունները, ՀՅԴ-ն իր վրա վերցրեց կազմակերպչական պարտականությունները, ընդամենը 130 հոգի, որ զենք ձեռք բերեցին եւ սկսեցին պայքարը: Իսկ արդեն 1991-ի աշնանը, երբ ազատագրվեց Տող գյուղը, սկսեց ուժեղանալ ՀՀ իշխանությունների ազդեցությունը, որը լուրջ խնդիրներ ստեղծեց:
1992թ. հունվարին Ղարաբաղում տեղի ունեցան առաջին ընտրությունները, որտեղ ՀՅԴ-ն ջախջախիչ հաղթանակ տարավ եւ խորհրդարանի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Հետագայում ՀՅԴ-ն թուլացավ, եւ 1993-ին Քելբաջարի ազատագրումից հետո հրաժարական տվեց Գեորգի Պետրոսյանը: ՀՀ իշխանությունները Ղարաբաղում իրենց կողմնակիցներին հաստատեցին, որոնց շարքում էր Ռոբերտ Քոչարյանը, սակայն հետագայում կորցրեցին վերահսկողությունն այդ ուժի վրա: Հենց այդ ռազմաքաղաքական ուժն էր, որը 1993-ին ջախջախեց Ադրբեջանին, իսկ 1998 թ-ին էլ ջախջախեց նաեւ ՀՀ քաղաքական համակարգը:
ՌԱՀՀԿ փորձագետը նշել է նաեւ, որ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ եւ պայքար սկսեց իր իսկ ստեղծած ուժի դեմ, բայց օլիգարխիան ցույց տվեց, որ բացարձակ ցանկություն չունի հեռանալու: Նրա խոսքով, այսօրվա օլիգարխիան այդ հին ռազմաքաղաքական էլիտայի նոր որակն է, եւ միամտություն էր կարծել, որ նրանք չէին կրակի ժողովրդի վրա: «Նրանք անցել են ամեն ինչի միջով եւ ամեն ինչի էլ ընդունակ են իրենց իշխանությունը պահելու համար: Այդ մարդկանց միակ սրբությունը սեփական ես-ն է»,- ասել է Մ. Սարգսյանը:
Ի դեպ, նա գրքում մանրամասն ներկայացնում է նաեւ Շուշիի ազատագրման մանրամասները, որտեղ անհեթեթություն է համարում հրապարակ նետված այն լուրը, թե Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր այդ գործողությունից:




























