Ռուսական հոկեիստ Վյաչեսլավ Վոյնովին ձերբակալել են ընտանեկան բռնության մեղադրանքով: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

«Լոս Անջելես Քինգզ» ակումբի պաշտպանին ձերբակալել են հոկտեմբերի 20-ին: Դեպքի մանրամասները դեռեւս հայտնի չեն: Սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, մեղադրանքները բավական լուրջ են: «Ռուսաստանցին դատաքննության ընթացքում հեռացվել է ցանկացած թիմային գործունեությանը մասնակցելուց: Մինչ այդ, Վոյնովը շարունակելու է աշխատավարձ ստանալ»,- ասված է գործակալության տարածած հաղորդագրությունում:

Աղբյուրը հիշեցնում է, որ նման դեպք 2013 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել ռուսաստանցի մեկ այլ հոկեիստի հետ: «Կոլորադո Էվելանշ» ակումբի անդամ Սեմյոն Վառլամովին ԱՄՆ-ում ձերբակալել էին ընկերուհու՝ Եվգենիա Վավրինյուկի նկատմամբ կենցաղային բռնություն կիրառելու համար: Ավելի ուշ դատախազության նախաձեռնությամբ դատարանը հանել էր բոլոր մեղադրանքները՝ հիմնավորելով ապացույցների անբավարարությամբ: