Կենսաբաններին հաջողվել է պարզել, թե ինչ տեսք է ունեցել ամենաարտասովոր դինոզավրերից մեկը՝ դեյնոհեյրուսը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Աղբյուրը նշում է, որ այդ դինոզավրի առջեւի վերջույթների ոսկորները հայտնաբերվել էին դեռեւս 50 տարի առաջ:
Գիտնականներին դինոզավրի կերպարը վերականգնել օգնել է նոր գտածոն. Մոնղոիլայում հայտնաբերվել են Deinocheirus mirificus տեսակի 70 մլն տարեկան երկու լավ պահպանված կմախքներ:
Գիտնականները պնդում են, որ նախապատմական կենդանին, որի անվանումը թարգմանվում է որպես «սարսափելի ձեռք», հսկայական անճոռնի արարած է եղել` սապատով եւ անատամ կտցով: Ամենակեր դեյնոհեյրուսը բնակվել է ներկայիս Մոնղոլիայի ճահճուտներում, կլանել մանր կենդանիներ եւ բույսեր` իր երկար լեզվի օգնությամբ: Դինոզավրի առջեւի վերջույթները 3 մ երկարություն են ունեցել:




























