Արդեն 5 ընկերություններ ուզում են բիզնես բացել Տավուշի մարզում, Ադրբեջանի հետ սահմանին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 24-ին Հանձնաժողովը արտագնա նիստ է անցկացրել Տավուշի մարզում: «Մեծ թվով փոքր տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ մենք երկար ու հետաքրքիր քննարկում անցկացրինք եւ արդեն գտնվել են 5 ձեռնարկատերեր, որոնք հետաքրքրված են սահմանամերձ գյուղերում հարկերից ազատ գոտիներում գործ ձեռնարկելու հնարավորությամբ»,-ասել է Այվազյանը:
Նրա կարծիքով՝ եթե առաջին իսկ օրից օրինագիծը առաջ է բերել բիզնեսի հետաքրքրությունը, ապա դրա ընդունումը միանշանակ արդարացված է, քանի որ սահմանամերձ գյուղերում աշխատատեղեր կստեղծվեն:
Նկատենք, որ Կառավարությունը դեռեւս չի որոշել, թե որ բնակավայրերի վրա տարածել այդ արտոնությունը՝ բոլոր սահմանամերձ գյուղերի՞, թե միայն Ադրբեջանի հետ սահման ունեցողների վրա:
Օրինագծի համաձայն՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի, փոքր բիզնեսն ազատվում է շրջանառության հարկից, իսկ ավելի խոշորները՝ ԱԱՀ-ից: Ձեռնարկություններն ազատվում են շահութահարկից, իսկ անհատ ձեռներեցները՝ եկամտահարկից:



























