Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Շահբազ Գուլիեւը որոշ մանրամասներ է պատմել ԼՂՀ Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանությունից: (ֆոտոռեպորտաժ)

Հիշեցնենք, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հոկտեմբերի 27-ին սկսվել է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի դատավարությունը, որն ընթանում է ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անատոլի Թադեւոսյանի նախագահությամբ:

Չնայած ցուցմունքների անհետեւողականությանն ու խառնափնթորությանը, ինչի պատճառը հիմնականում ռուսերենի վատ իմացությունն է, Գուլիեւը հայտնել է, որ Ասկերովի հետ ծանոթացել է 1992թ. Լաչինում:  Ծանոթությունից հետո Գուլիեւը կես տարի Լաչինի հիվանդանոցում բուժեղբայր է աշխատել, հետո աշխատանքի է անցել Մարտակերտում, այնուհետեւ՝ Միրբաշիրում:  1990-ականների վերջին Գուլիեւը մեկնել է Ռուսաստան աշխատելու:  Այնտեղ բանտում 6 տարի է անցկացրել ինչ-որ կողոպուտի համար, որն իր ավտոմեքենայով էր կատարվել, սակայն հետո արդարացվել է:  Պերմում  Գուլիեւը ծանոթացել է 2004թ.-ից իր կինը դարձած Ալբինայի հետ: Նույն թվին նա վերսկսել է ծանոթությունը Ասկերովի հետ, որն  առաջարկել է գնալ Ղարաբաղ:

«Բաքու վերադառնալուց հետո ես խիստ կարիքի մեջ էի», - գանգատվել է Գուլիեւը: Հասան Հասանովի հետ Գուլիեւը ծանոթացել էր  2013-ին: Ուշագրավ է, որ Հասանովը ներկայացել էր որպես Ադիլ: Նա էլ հենց բերել էր զենքը, որով համախոհները ուղեւորվել էին Ղարաբաղ:

«Նրանք ինչ-որ բան էին նկարահանում: Ես չգիտեմ եւ ինձ հետաքրքրիր չէր», - հայտարարել է Գուլիեւը: Այնուհետեւ մեղադրյալը մանրամասն պատմել է, թե ինչպես է խումբը  շրջանով գնացել, գիշերել գետերի մոտ, մրգեր հավաքել:  Մի օր Դիլհամը հիվանդացել է: Երբ նա կրկին իրեն լավ է զգացել, խումբն առաջ է շարժվել:  Սմբատ Ցականյանի առեւանգման պահը Գուլիեւը չի տեսել: Որոշ ժամանակ անց (ըստ քննության` Սմբատ Ցականյանը դիվերսանտների մոտ է մնացել հուլիսի 4-7-ը) Ասկերովը հայտարարել է, որ «տղային պետք է սպանել»: Գուլիեւը նաեւ պնդում է, որ չի տեսել սպանության պահը:  Ըստ նրա` ինքը շրջվել է կրակոցի ձայնից եւ տեսել, որ տղան ընկած է ճանապարհի մեջտեղում: Գուլիեւը չի տեսել` ով է կրակել:  Հատկանշական է, որ ըստ քննության,  զենքերի վրա խլացուցիչներ են եղել: Ըստ Գուլիեւի` Հասանովը եւ Ասկերովը վիճել են, սակայն չգիտի` ինչու: Մեղադրյալը նաեւ պատմել է, թե ինչպես են գողացվել զինվորական հագուստը եւ փաստաթղթերը, ինչպես նաեւ մի ցլիկ: 

Խումբը հասել է Քարվաճառ: Այստեղ Ասկերովը տեսախցիկով քաղաք է  գնացել, սակայն նրան նկատել են: Նրանք փորձել են թաքցնել հետքերը: Նրանք շան հետ կանգնած մի տղա են տեսել, որին Գուլիեւը խաբել է, թե իբր ինքը Վրաստանից է, անունն էլ Ալեքսեյ է:  Ընդառաջ է դուրս եկել տղայի հայրը, թեյ կամ սուրճ առաջարկել: Այնուհետեւ եւս երկու տղամարդ են հայտնվել, մեկը` զինվորական հագուստով, մյուսը` քաղաքացիական: Ըստ Գուլիեւի` քաղաքացիական հագուստով մարդը հարձակվել է իր վրա, դրանից հետո ինքը ոչինչ չի հիշում: