Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի ու մաքսատուրքերի հարաբերակցությունը 2015թ. կկազմի 23,24%: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդարանում հայտարարեց ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով 2015թ. հանրապետության պետբյուջեի նախագիծը:
Պետեկամուտների ընդհանուր ծավալը (ներառյալ օտարերակրյա գրանտները) նախատեսվում է 1 տրլն 184,5 մլրդ դրամ կամ 2014թ. ծրագրից 4,3%-ով ավելի շատ եւ 14,1%-ով ավելի 2013թ. փաստացի ցուցանիշից: ՀՆԱ-ի նկատմամբ պետեկամուտների սպասվող հարաբերակցությունը կկազմի 24,33%, համեմատության համար նշենք, որ 2014թ. այն կազմել է 24,05% , 2013թ.՝ 24,29%:
Բացարձակ արտահայտությամբ պետեկամուտների չափը նախատեսված է 1 184, 5 մլրդ դրամ (2014 հունվար-հուլիս ամիսների դոլարի միջին փոխարժեքով 2,88 մլրդ դոլար): Դրանցից հարկերն ու մաքսատուրքերը կկազմեն 1 131,2 մլրդ դրամ, ինչը 3%-ով բարձր է 2014թ. ցուցանիշից եւ 13,4%-ով՝ 2013թ. ցուցանիշից:
Նշված 1 131,2 մլրդ դրամից բազային մակարդակը կազմում է 1 103 մլրդ դրամ, իսկ լրացուցիչ մուտքերը (2014թ.-ից ներդրված սոցիալական վճարումներ, ինչպես նաեւ հարկային ու մաքսային վարչարարության նոր միջոցառումներ) բյուջեին 28,5 մլրդ դրամ կբերեն:



























