2015թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ եկամուտներ կամ 2014 թվականի համար հաստատված համադրելի գումարի համեմատությամբ 4.3 տոկոսով ավելի: Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ պետական տուրքերը` 95.5 տոկոս: Ակնկալվում է, որ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 24.33 տոկոս` 2014 թվականի համար հաստատված 24.05 տոկոսի դիմաց»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով, նախագծով նախատեսվել է դեֆիցիտի գումարը սահմանել 114.1 մլրդ դրամի չափով կամ 2014 թվականի համապատասխան ցուցանիշից 3.6 մլրդ դրամով ավելի: «Հարկ է նշել, որ պետական պարտքի կայունության պահպանումը շարունակում է մնալ որպես Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնական առաջնահերթություն: Այդ կապակցությամբ նախագծվող դեֆիցիտի եւ 2015 թվականի համար ծրագրվող անվանական ՀՆԱ-ի հարաբերությունը կանխատեսվում է 2.34 տոկոսի չափով` պահպանելով 2014 թվականի համար սահմանված մակարդակը:

Հիմք ընդունելով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի եկամուտների կանխատեսված մակարդակը եւ ելնելով դեֆիցիտի ֆինանսավորման հնարավորություններից՝ Կառավարությունը ծրագրում է 2015 թվականին ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 26.68 տոկոսի կամ 1 տրիլիոն 298.6 մլրդ դրամի չափով»,- ասել է վարչապետը: