«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «նորմալ» է վերաբերվում Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը` պատասխանելով հարցին, թե կուսակցությունն ինչպես է վերաբերվում ԵՏՄ-ին անդամակցելուն:
«Մենք կողմ ենք ինտեգրացման ցանկացած գործընթացի, որին Հայաստանը կարող է միանալ: Մենք մեկուսացված վիճակում էինք եւ վտանգավոր էր այդ վիճակում մնալ: ԵՏՄ-ին մենք կողմ ենք, բայց կողմ ենք` որպես ինտեգրացիոն գործընթացի: Այստեղ արդեն հարց է, թե մեր իշխանություններն ինչպես կօգտվեն եւ այդ գործընթացն ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ ԵՏՄ-ին քաղաքական ուժերից դեմ է միայն «Ժառանգությունը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրել է ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: Նախատեսվում է, որ հունվարի մեկին մենք կլինենք ԵՏՄ անդամ:





























