Ուրբաթ կմեկնարկի «Եվրոպան Առաջին համաշխարհային պատերազմից հետո 100 տարի անց» թեմայով միջոցառումների շարքը: Այդ մասին այսօր՝ հոկտեբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտնայիայի եւ Գերմանիայի դեսպանատների ներկայացուցիչները միասին կայցելեն Գյումրի: «Մենք կշփվենք անգլիական եւ գերմանական թեքումներով դպրոցների աշակերտների հետ, նրանց կներկայացնենք Առաջին աշխարհամարտի պատմությունը եւ դրա դասերը: Մենք այնտեղ խորհրդանշական կակաչներ կտնկենք. Մեծ Բրիտանիայում կակաչները խորհրդանշում են պատերազմի զոհերի հիշատակը, քանի որ կակաչը պատերազմից հետո դաշտերում աճած ծաղիկն է», - նշեց Քեթրին Լիչը:

Դեսպանը հաղորդեց, որ նոյեմբերի 10-ին տեղի կունենա Հայ առաքելական եւ Անգլիական եկեղեցիների պատարագ: «Նոյեմբերի 16-ին Գերմանիայի դեսպանատան հրավերով Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչները կայցելեն գերմանական գերեզմանատուն: Նոյեմբերի 21-ին մենք բրիտանացի եւ գերմանացի դաշնակահարների փոքրիկ մրցույթ կկազմակերպենք: Եվ վերջապես, դեկտեմբերի 5-ին տեղի կունենա խորհրդանշական հանդիսություն. այդ օրը՝ ամանորի տոների նախաշեմին, երկու կողմերի զինծառայողները սկսել են երգել ամանորյա երգեր: Այնուհետեւ նրանք խրամատներից դուրս են եկել դաշտ եւ ֆուտբոլ խաղացել: Մենք այն անվանում ենք «Ամանորյա հրադադար», եւ փորձում ենք վերականգնել գերմանա-բրիտանական ֆուտբոլը», - ասաց Մեծ Բրիտանիայի դեսպանը: