Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ղրղզստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Արա Սահակյանը (նստավայրը` Աստանա) այսօր՝ հոկտեմբերի 29-ին, իր հավատարմագրերը հանձնեց Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Ատամբաեւին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով եւ հաջողություն մաղթելով ՀՀ դեսպանին` նախագահ Ատամբաեւը խնդրեց փոխանցել իր լավագույն բարեմաղթանքները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայ ժողովրդին: Ղրղզստանի Նախագահը կարեւորեց հայ-ղրղզական բարեկամական հարաբերությունների խորացման կարեւորությունը, ինչի մասին նա առիթ է ունեցել զրուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:

Նա հույս հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության եւ այլ կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ղրղզստանի կապերը նոր որակ ձեռք կբերեն:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ դեսպան Սահակյանը նշեց, որ ինքը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ղրղզական քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի աշխուժացման նպատակով: