Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը Իսպանիայի իշխանություններին կոչ է արել Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու հարցում առողջ դատողություն ցուցաբերել եւ կառավարությանը մեղադրել է վախկոտության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ին նախատեսվող քվեարկությունը կանցկացվի ոչ թե հանրահավաքի, այլ հարցման տեսքով:

«Միայն վախկոտները կարող են Սահմանադրական դատարանն օգտագործել աշխատանքի համար, որը պետք է լինի բացառապես քաղաքական», - աղբյուրը մեջբերում է Մասի հայտարարությունը:

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, կատալոնացիների 44%-ը մտադիր է քվեարկել անկախության օգտին, 42%-ը՝ Իսպանիայի կազմում ինքնավարության պահպանման:

Հիշեցնենք, որ Իսպանիայի իշխանությունները պատրաստվում են Սահմանադրական դատարանում վիճարկել ինքնավարության անկախության շուրջ հարցման անցկացումը: Եթե Սահմանադրական դատարանն այդ հարցը ընդունի քննարկման, կնշանակի, որ հարցման նախապատրաստությունները պետք է դադարեցվեն: