Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանդ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել է զրոյից։

Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը հաշվի է առել վճռաբեկ դատարանի որոշման տեքստը՝ վճռելով Դինքի սպանության գործով անցնող մեղադրյալներին եւ դատապարտվածներին նոր դատավարությամբ դատել։

Նախկինի համեմատ, այս անգամ բոլոր մեղադրյալներին մեղադրանք է ներկայացվելու «հանցանք կատարելու համար հանցախումբ ստեղծել, կառավարել, կամ այդ հանցախմբի անդամ լինել» մեղադրանքներով։  Նախկինում սա չկար, ինչը մեղմացրել էր մեղադրյալներին տրված պատժաչափերը։

Բացի այդ, օրեր առաջ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել՝ դատական գործեր հարուցել Դինքի սպանության ժամանակ կարեւոր պաշտոններ զբաղեցնող 9 չինովնիկի նկատմամբ, որոնց թվում են Ստամբուլի նահանգային նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգյորը եւ այլք։