Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները պետական բյուջե ռեկորդային թվով հարկ են վճարել՝ ավելի քան 504,2 մլրդ դրամ(ավելի քան 1,2 մլրդ դոլար): Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 24,3 մլրդ դրամով, կամ 5,1 տոկոսով:
Նշենք, որ պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներն այդ նույն ընթացքում ավելացել են 36,6 մլրդ դրամով կամ 4,9 տոկոսով: «Խոշորագույնների» չափաբաժինն ընդհանուր եկամուտներում ավելացել է 0,1 տոկոսով՝ հասնելով 64,8 տոկոսի: Սա վկայում է այն մասին, որ մեր տնտեսությունում կենտրոնացումը մնացել է նույն մակարադակում:
«Խոշորագույնը» պայմանական տերմին է: Այստեղ ներառված են տարբեր ընկերություններ, որոնց շրջանառությունը տարբեր է, ինչն արտահայտվում է հարկերի մեծությամբ: «Խոշորագույնների» առաջին տասնյակի վճարած հարկերը 176 անգամ ավելի է, քան վերջին տասնյակի վճարած հարկերը:
«Խոշորագույնների» առաջին հարյուրյակի վճարած հարկերը կազմում են ընդհանուրի 62 տոկոսը, իսկ վերջին հարյուրյակինը՝ միայն 1,5 տոկոս: Այս ֆոնի ֆրա առանձնանում է «Գազպրոմ Հայաստան» ՓԲԸ-ն: Վերջինս, վճարելով 30,2 մլրդ դրամ, ապահովել է «խոշորագույնների» վճարած հարկերի 6 տոկոսը: Բացի այդ այն խոշորագույն հարկատուների ցուցակում առաջին հորիզոնականում է:
«Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հինգերորդ հորիզոնականում է: Նշենք, որ կոմբինատի վճարած հարկերը կրճատվել են 15,6 մլրդ դրամով, կամ 2,1 անգամ: Նույն ճակատագրին է արժանացել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, որը 8-րդ հորիզոնականից հայտնվել է 27-ում: Այժմ նրա տեղն է զբաղեցնում նախկինում 23-րդն հանդիսացող «Գրանդ Տոբակո» ընկերությունը:



























