Հայաստանի միացումը Եվրասիական միությանը անդամակցություն չէ, այլ հարկադիր միացում, քանի որ երկրի իշխանությունները նման որոշում կայացրին մի գիշերում: Այս մասին նոյեմբերի 5-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե Ղարաբաղի վրա ինչպես կանդրադառնա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը:
Փոստանջյանի խոսքով՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթղթերը, որոնք հրապարակել է ԱԳՆ-ն, հստակ դրույթ են պարունակում, համաձայն որի՝ ԼՂՀ-ի հետ սահմանին անցակետ կտեղադրվի:
«Իսկ դա նշանակում է, որ մաքսավորներ էլ կլինեն, եւ չի բացառվում, որ նրանք Ղազախստանի ներկայացուցիչներ լինեն, որոնք բարեկամական սերտ հարաբերություններ ունեն Ադբեջանի հետ: Այստեղ ծագում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ-ի անվտանգության ապահովման հարցը»: Պատգամավորը նշել է, որ Հայաստանի պետական պաշտոնյաների բանավոր վստահեցումներով՝ անցակետ չի դրվելու, մինչդեռ, ըստ փաստաթղթերի, դա տեղի կունենա:





























