Այսօր, իհարկե ամենագլխավորը տեղի է ունենում Ռուսաստանի եւ Արեմուտքի միջեւ. դրանից շատ ուժեղ կախված է նաեւ Հայաստանի ճակատագիրը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները վերաճեն «սառը պատերազմի» պես ինչ-որ բանի, ապա դա ոչ այդքան բարենպաստ կերպով կանդրադառնա Հայաստանի վրա:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Իսկանդարյանը նշեց, որ այժմ ընթանում է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության գործընթացը: «Նոյեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը կհաստատի այդ Պայմանագրի իրավազորությունը, եւ նոյեմբերի 17-ին խորհրդարանը կքննարկի ու կվավերացնի այն», - ասաց քաղաքագետը: Մյուս կողմից հնարավորությունների նոր գոյություն ունեցող միջանցքում Եվրոպայի հետ համագործակցությունը շարունակելու քայլեր են ձեռնարկվում: «Դրանք տարբեր համաշխարհային ուժերի հետ կոմպլեմենտարիզմի ավանդական քաղաքականությունը շարունակելու փորձեր են», - եզրափակեց փորձագետը:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ հոկտեմբերի 10-ին՝Մինսկում:





























