Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո Հայաստանից դեպի միության անդամ-երկրներ արտահանման գործառնական ծախսերը 10%-ով կկրճատվեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խորհրդարանի լիագումար նիստին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Անցած շաբաթ նախագիծն արդեն քննարկվել էր տնտեսական եւ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովների մակարդակում:
Նա նշեց, որ արտահանման դեպքում լիովին կվերացվեն ոչ միայն սակագնային պատնեշները (սահմանին մաքսատուրքերը եւ ԱԱՀ), այլ նաեւ ոչ սակագնայինները. կկրճատվի ապրանքների զննության ժամանակը, կպարզվեցվեն որակի ստուգումներն ու սանիտարական վերահսկողությունը:
Հայաստանի ԵՏՄ ապրանքների տարանցումը, մասնավորապես, Վրաստանի միջով, փոփոխությունների չի ենթարկվի. տարանցման փաստաթղթերի առկայության դեպքում մեքենան կարող է տարանցիկ երկրով անարգել անցնել դեպի նշանակման վայր:
Նշենք, որ դեկտեմբերի 1-4-ը խորհրդարանում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:




























