Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետեւելու է Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրներում պետական մրցույթների անցկացմանը: Այս մասին դեկտեմբերի 1-ին ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով, Հայաստանը դրա հնարավորությունը կստանա՝ հաշվի առնելով, որ Միության անդամ 4 երկրների տնտեսվարող սուբյեկտներն էլ պետք է կարողանան հավասար պայմաններով մասնակցել այդ տարածքի բոլոր պետական մրցույթներին:

«Այլ կերպ ասած՝ մեր ընկերությունները կկարողանան հավասար պայմաններով հավակնել ԵՏՄ երկրներում մասնակցել պետական մատակարարումներին: Եվ հակառակը, մյուս երեք պետությունների ներկայացուցիչները կկարողանան մասնակցել Հայաստանում անցկացվող պետական մրցույթներին»,- հայտարարեց Շաբոյանը:

Որպեսզի մրցույթների թափանցիկությունը ոչ ոքի մոտ կասկած չհարուցի, Հանձնաժողովի ներկայացուցիչները լիազորված են լինելու հետեւել դրա անցկացման ընթացքին: «Այդպիսով մենք առավելագույնս հաշվի կառնենք մեր բիզնեսի շահերը»,- հավելեց Շաբոյանը: