Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միասնական լինեն ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու իրենց ջանքերում, և մենք կոչ ենք անում բոլոր անդամ-պետություններին՝ սատարելու այս բանաձևը, այնպես, ինչպես արվեց երկու տարի առաջ: Այս մասին, մարտի 3-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Պարոն Նախագահ,

Պարոն Գերագույն Հանձնակատար,

Մարդու իրավունքների խորհրդի հարգարժան անդամներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Թույլ տվեք միանալ նախորդ ելույթ ունեցողներին` շնորհավորելու դեսպան Ռյուկկերին` Մարդու իրավունքների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, եւ մաղթել նրան հաջողություն` այս կարեւոր առաքելության մեջ:

Որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար` իմ համար առանձնահատուկ կարեւորություն է ներկայացնում Մարդու իրավունքների խորհրդում այսօր ելույթ ունենալը, քանզի այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Պարոն Նախագահ,

Վերջին տարիներին Մարդու իրավունքների խորհուրդը ընդլայնել է իր աշխատանքի թեմատիկ շրջանակները՝ առավել համապարփակ արձագանքելու աշխարհի տարբեր հատվածներում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին՝ ուշադրություն դարձնելով ամենախոցելի խմբերի պաշտպանության հարցերին: Կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը պահանջում է միջազգային հանրության արագ արձագանքը եւ գործողությունները, քանի որ ահաբեկչական խմբերը իրագործում են մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ:

Մեկ շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ մենք բոլորս տեսանք սահմռկեցուցիչ տեսանյութը, թե ինչպես են այսպես կոչված «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի թանգարանում ավիրում 2700-ամյա հուշարձանները: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրն աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսությունների` Բամիանի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների եւ Նախիջեւանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացմանը: Բարբարոսները պատերազմ են հայտարարել քաղաքակիրթ աշխարհին:

Այլոց քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Հայաստանը անվերապահորեն դատապարտել է ԻԼԻՊ-ի, Ալ Նուսրայի, այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործություններն ու վայրագությունները եւ կոչ է արել միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել այս նոր արհավիրքի դեմ, թույլ չտալ, որպեսզի ահաբեկիչները օգտվեն օտարերյա զինյալների եւ ֆինանսական հոսքերից, եւ այլ երկրների տարածքներն օգտագործեն` հարձակումներ իրականացնելու նապատակով։ Այս համատեքստում Հայաստանը միանգամայն սատարում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի լիակատար իրականացմանը:

Այդ ահաբեկիչների կողմից սիրիական Դեյր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավիրումը, որը Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող սրբատեղի էր, ցավալի, բայց, միեւնույն ժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալում եւ այսօր գործած հանցագործությունների միջեւ:

Հիրավի, «մարդկության դեմ հանցագործություններ» հասկացությունը, որպես այդպիսին, միջազգային իրավական համակարգ է ներմուծվել 1915թ. մայիսի 24-ին Դաշնակից տերությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հռչակագրում, որով նրանք նախազգուշացնում էին հայ ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունների կազմակերպիչներին:

Պարոն նախագահ,

Մարդու իրավունքների պաշտպանությունը մշտական եւ շարունակական գործընթաց է: Ս.թ. հունվարի 22-ին Հայաստանը ներկայացրեց իր երկրորդ Համընդհանուր պարբերական զեկույցը: Հայաստանի առաջին զեկույցի շրջափուլից ի վեր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն եւ տարբեր Ազգային գործողությունների ծրագրեր են ընդունվել: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել են Հայաստանի պարտավորությունների կատարման էական դրական զարգացումներ: Միջազգային զեկույցների համաձայն` Հայաստանում գրացվել են էական դրական ձեռքբերումներ՝ ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հավաքների, խոսքի, մամուլի, համացանցի ազատության եւ այլ ոլորտներում։

Պարոն Նախագահ,

Մարդու իրավունքների խորհուրդը էական դեր է խաղացել պետությունների՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայից բխող պարտավորություններն ուղղորդելու մարդու իրավունքների համակարգված պաշտպանության եւ ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւերի ընդունման գործում:

Այս տարի Հայաստանը կրկին նախաձեռնել է ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւ: Առկա է միջազգային հանրության աճող համաձայնությունը առ այն, որ ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրությունը եւ առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ գաղափարը աշխարհաքաղաքական հաշվարկներին:

Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միասնական լինեն ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու իրենց ջանքերում, եւ մենք կոչ ենք անում բոլոր անդամ-պետություններին՝ սատարելու այս բանաձեւը, այնպես, ինչպես արվեց երկու տարի առաջ:

Պարոն նախագահ,

Ես կցանկանայի վկայակոչել Անդրեյ Սախարովի խոսքերը՝ մարդու իրավունքների համախմբող ուժի մասին. «Ես համոզված եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության բացառիկ գաղափարը կարող է միավորել մարդկանց` անկախ ազգությունից, քաղաքական համոզմունքներից, կրոնից կամ հասարակությունում նրանց զբաղեցրած դիրքից...»:

Սա, հիրավի, կարեւոր ուղերձ է եւ չափանիշ` պատերազմներից, բաժանարար գծերից եւ ռասիստական գաղափարախոսությունից զերծ աշխարհի կառուցմանն ուղղված ապագա գործողությունների համար, աշխարհ, որում առկա է ամուր հավատ, որ մարդու իրավունքները կարող են եւ պետք է մարդկանց միավորեն, եւ սա է Մարդու իրավունքների խորհրդի գոյության գլխավոր իմաստը:

Շնորհակալություն»: