ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հուլիսի 27-ին սպանված, մասնագիտությամբ արեւելագետ, 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան դեպքի փաստով հարուցված քրեական գործով երեկվա դրությամբ կասկածյալներ ու մեդաղրյալներ չկան: Այս մասին թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:
Քրեական գործի նախաքննությունը վարում են ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորի քննչական բաժանմունքի քննիչները, իսկ դատախազության հսկողությունն իրականացնում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Նախաքննության ընթացքի վերաբերյալ ՊՆ-ից որեւէ այլ տվյալ, քան վերը բերվածը՝ թերթին ՊՆ-ից չեն հաղորդել: «Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ երեկվա դրությամբ ՊՆ քննչական ծառայությունը շարունակում է առաջ տանել ի սկզբանե հրապարակված պաշտոնական վարկածը, ըստ որի, Արտակ Նազարյանը ինքնասպանություն է գործել՝ ինքնաձիգով իր բերանի մեջ կրակելու միջոցով: Այս վարկածն առաջ քաշվեց դեպքից անմիջապես հետո՝ հուլիսի 28-ին միջադեպի վերաբերյալ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությամբ:
Ըստ այդ վարկածի, հուլիսի 27-ին, առավոտյան ժամը 8-ին 10 պակաս, մարտական հենակետից՝ բլինդաժից մոտ 250 մետր հեռավորությունից, Արտակ Նազարյանի համածառայողները լսել են կրակոցի ձայն ու վազել այդ ուղղությամբ, երիտասարդ սպային հայտնաբերել են մահացած, ինչ-որ ժայռակտորի հենված՝ իրեն ամրագրված զենքը կողքին: Այսինքն, ստացվում է, որ անցած մի քանի օրերի ընթացքում ի հայտ եկած փաստերը քննիչների համար բավարար չեն եղել տեղի ունեցածը որպես սպանություն որակելու համար: Տվյալ դեպքում առավել քան կարեւոր է Արտակ Նազարյանի դիակի մարմնական վնասվածքներով պատված լինելու փաստը»,-նկատում է թերթը: Սպանված սպայի քույլը՝ լրագրող Ծովինար Նազարյանը թերթի թղթակցի հետ զրույցոմ ներկայացնելով եղբոր մարմնի վրա եղած վնասվածքները՝ ասել է, որ դեմքը ամբողջությամբ կապտուկների մեջ է եղել:
Արտակ Նազարյանի դեմքի վրա առկա կիսալուսնաձեւ վնասվածքները արձանագրվել են նաեւ դիահերձման փաստաթղթերում: Իսկ այն հանգամանքը, որ ի թիվս մարմնի այլ մասերի՝ կապտուկներով են պատված եղել նաեւ Արտակ Նազարյանի թեւերը, նրա քրոջը հիմք են տալիս ենթադրելու, որ եղբոր վրա հարձակվողներն ու ծեծողները խմբով են եղել: «Արտակը խեղճ չի եղել, որպեսզի թույլ տար իրեն հեշտությամբ ծեծեին, հաստատ համարժեք պատասխան կտար: Հավանաբար վախկոտ, ողորմելի ինչ-որ տիպեր որոշել են խմբով նրա վրա հարձակվել ու ծեծել»,-հայտնել է մահացած սպայի քույրը՝ Ծովինար Նազարյանը: Թերթը գրում է նաեւ, որ երեկվա դրությամբ Արտակ Նազարյանի ընտանիքի անդամներին քրեական գործում դեռեւս տուժողի իրավահաջորդի կարգավիճակ տրված չէր: Ենթադրվում է, որ այդ դատավարական գործողությունը տեղի կունենա առաջիկա օրերին:




























