Երևան-Էջմիածին ճանապարհին գտնվող Փարաքար գյուղում խմելու ջուր չլինելու մասին բնակիչների՝ տարիներ շարունակ բարձրաձայնած խնդիրը դեռ լուծում չի ստացել: Բնակիչների մի մասը 20 տարի է՝ զրկված է խմելու ջրից, մի մասն էլ ջուր ունենում է, բայց մի քանի ժամով, իսկ ամռանը՝ ավելի հազվադեպ:
«Դիմում ենք գյուղապետարան, ասում են՝ մեր օպերատորը «Երևան Ջուրն» է, զանգում ենք «Երևան Ջուր», ասում են՝ մենք նորմալ գրաֆիկով, նորմալ ճնշումով տալիս ենք ջուրը, մեզ մոտ խնդիր չկա: Այ, սենց վիճակում ենք հայտնվել, հատկապես այս շոգին անհնար է, մեզ կարծես վիճակված չի ջուր ունենալ»- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փարաքարցիներից մեկը:
Փարաքարցիները ջրի սակավությունը կապում են Թաիրովում և Փարաքարում գտնվող ռեստորանների, հյուրանոցների լողավազանների հետ, որոնք սեփականատերերը օրը մի քանի անգամ լցնում են խմելու ջրով:
Խնդիրը բարձրաձայնող գյուղացիները նախորդ տարի որոշել էին փակել Երևան-Էջմիածին ավտոճանապարհը: Նրանց այդ մտքից հետ կանգնեցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի խոստումը, որ Ազգային ժողովում կբարձրացնի այդ հարցը: Փարաքարցիները, թեեւ խոստումը պատգամավորից անձամբ չէին լսել, այլ տեղեկացել էին գյուղապետից, 1 տարի սպասեցին դրական արդյունքի, սակայն ապարդյուն:
Չնայած գյուղացիների բողոքներին, Փարաքարի գյուղապետարանիզ մեզ վստահեցրին, որ հարցը դրական լուծում է ստացել և նախորդ տարվա համեմատ այս տարի բողոքները ավելի քիչ են:
(2).jpg)





























