Մեքսիկական հասարակական կազմակերպություններից մեկի առաջնորդին մեռած են գտել Հերերո նահանգի Խալտյանգիս քաղաքում: Նա օգնում էր անհետացած 43 ուսանողների որոնումներին:

Միգել Անխել ԽիմենեսԲլանկոյի գնդակահարված մարմինը հայտնաբերվել է իրեն պատկանող տաքսիում, որը կայանված է եղել իր տան մոտ: Ենթադրաբար, նրան սպանել են օգոստոսի 8-ին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խիմենեսը մեղադրում էր իշխանություններին անգործության մեջ եւ անձամբ օգնում էր հարյուրավոր մարդկանց՝ անհետացած հարազատներին կամ նրանց մնացորդները գտնելու հարցում այդ շրջաններում, որտեղ ծաղկում է թմրամաֆիան:

Ակտիվիստը մասնակցել է Իգուալա քաղաքում հայտնաբերված զանգվածային գերեզմանների հետազոտմանը, որտեղ նախորդ տարի ուսանողների բողոքի ակցիայից հետո անհետացել էր 43 ուսանող:

Իշխանությունների վարկածով, ուսանողներին առեւանգել են կոռումպացված ոստիկանները եւ հանձնել հանցագործների ձեռքը: Կառավարական հանձնաժողովը պնդում է, որ հանցագործներն սպանել են երիտասարդներին եւ այրել մարմինները: