Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հուսեյն Խանվալա գյուղի 280 երեխա բռնաբարության զոհ է դարձել։ Այդ մասին հաղորդել են իրենք՝ բնակիչները, որոնք ասել են, որ 25 հոգուց կազմված ավազակախումբը երեխաներին ստիպել է մեկը մյուսի հետ սեռական կապի մեջ մտնել, իսկ հետո ծնողներին սպառնալով, թե կհրապարակի տեսագրությունը, փող է պահանջել։ Եթե ընտանիքը հրաժարվել է վճարել, տեսագրությունը տեղի շուկայում վաճառվել է 40 ռուփիով (39 ամերիկյան ցենտ)։
Տեղի բնակիչների խոսքով, ավազակային խմբավորումն իր գործունեությունը սկսել է 2007-ին, և հենց այդ պահից սկսած 280 երեխայի մասնակցությամբ մոտ 400 տեսագրություն է արվել։ Վաճառվել է 300 տեսաժապավեն։
Սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ շրջանի իշխանությունները հրաժարվել են քննության առնել գյուղի բնակիչների բողոքը։ Մարդիկ ցույցի են դուրս եկել՝ իշխանություններին մեղադրելով ավազակների հետ հանցավոր համաձայնության համար, փոխանցում է Informing-ը։
Այնինչ, և իշխանությունները, և ոստիկանությունը հայտարարում են, որ աղմուկն արհեստականորեն ուռճացվել է հողային հարցերի լուծման նպատակով։
Պետք է նշել, որ ոստիկանները հայտարարում են, որ երեխաներն իրենք են բոլոր ցանկացողներին ցուցադրում իրենց զվարճանքների տեսագրությունները։ Իսկ արդեն մի քանի տարի տևող սեքսուալ սկանդալի մասնակիցները քսանամյա երիտասարդներ են, որոնք սեփական կամքով սեռական կապի մեջ են մտել իրար հետ և դա տեսագրել են բջջայիններով։
Փենջաբ նահանգի գլխավոր նախարար Շահբազ Շարիֆը հրահանգել է անկախ հետաքննություն կազմակերպել։




























