Բելառուսը մտադիր է Պակիստանում տրակտորներ հավաքել։ Այդ մասին պատմել է հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք արդեն պատրաստ ենք ամբողջությամբ հավաքված տրակտորներից անցնել  առանձին մասերի լրակազմերի մատակարարմանը», - հայտարարել է նա Պակիստանի կառավարության ղեկավար Նավազ Շարիֆի հետ հանդիպմանը։

Պակիստանյան կողմն իր հերթին հետաքրքրված է Բելառուսի տարածքում համատեղ տեքստիլ ձեռնարկությունների զարգացմամբ։ Հանրապետությունը պատրաստ է դրա համար տարածք տրամադրել Բարանովիչներում եւ Բրեստում։

«Այդ արտադրանքը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միությունում», - հայտարարել է վարչապետը։

Կոբյակովը եւս արտահայտվել է երկու երկրի միջեւ ապրանքաշրջանառության մեծացման օգտին։ 

«Անցյալ տարվա տվյալներով՝ 58 միլիոն դոլարը բոլորովին չի համապատասխանում մեր երկրների ներուժին։  Կարծում եմ, որ պիտի մեր առաջ ավելի հավակնոտ նպատակներ դնենք», - նշել է Կոբյակովը։