«Ոտքի Հայաստան» շարժումն այս պահին Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնում ՀԾԿ հանձնաժողվի հրաժարականի եւ ՀԷՑ-ի ազգայնացման պահանջով:

Շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի խոսքով՝ հանձնաժողովի անդամները պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները եւ չեն պաշտպանում հասարակության շահերը, իրականում ընդունում են երկրի ներքին անվտանգությունը խարխլող որոշումներ:

«Այս իշխանություններն իրենց ապաշնորհ քաղաքականությամբ այս ամառը սարքեցին  պայքարի ամառ: Մարդիկ չեն գնացել հանգստանալու, եղել են հրապարակում: Շարունակելու ենք պայքարը, որը հատկապես սկսվել է Բաղրամյան պողոտայից: Քանի որ հոշոտել են էներգետիկ համակարգը, քանի որ ՀԷՑ-ը սարքել են իրենց անձնական բիզնեսների ծաղկման աղբյուր, նրանք չէին կարող դեմ գնալ իրենց անձնական շահերին: Այսօր մեր պայքարը պետք է նրանց ստիպի ոչ միայն վերանայել որոշումները, այլ նաեւ իշխանությունը զիջել քաղաքացուն: Սա լինելու է հետեւողական պայքարի արդյունքում: Ուզում ենք, որ այս ապօրինի ռեժիմը հեռանա»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Շարժման անդամները նշեցին, որ իրենք պատրաստվում են հաջորդ հանրահավաքին ամբողջությամբ փակել հրապարակը,  եթե բավարար քանակով մարդ հավաքվի. «Մենք պահանջ կներկայացնենք խորհրդարանի ընդդիմադիր կուսակցություններին՝ ձեւավորել ժողովրդի վստահության կառավարություն, եւ կմնանք հրապարակում այնքան ժամանակ մինչեւ պաշտոնից կհեռանա Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը»:

Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանն էլ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին եւ ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինին իրենց թիմերի հետ լքել պաշտոնը:

«Եթե դուք չունեք այնքան սկզբունքայնոըւթյուն, որ կատարեք ձեր գործունեությունը,  էսօր դուք գնում եք մի արտասահմանյան ընկերության հետեւից գլուխներդ կախ, ապա գնացեք խոպան, մեզ պետք չեք»,-ասաց նա:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանրահավաքին մասնակցում են մի քանի տասնյակ քաղաքացիներ: Կազմակերպիչների խոսքով՝ իրենք մարդկանց թիվը չեն հաշվում, չնայած որ հաջորդ հանրահավաքին ավելի մեծ մասնակցություն են ակնկալում:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։