Ազգային ավիափոխադրողը կօգնի Հայաստանին ավելի նպաստավոր բանակցություններ վարել արտերկրի լիզինգային ընկերությունների, փոխադրողների եւ օդանավակայանների հետ: Այդպիսի կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց պոլսահայ գործարար, թուրքական Tower Turizm ընկերության սեփականատեր Տիգրան Ալթունը՝ թուրքական Atlasjet ընկերության Ստամբուլ - Երեւան չվերթի կազմակերպիչներից մեկը:

«Երկու ավիացիոն ընկերություն ունեինք, սնանկ եղած են, հիմա էլ «Էյր Արմենիա» ունենք, որի վիճակը դյուրին չէ: Չեմ հարցրել, բայց համոզված եմ, որ դժվար թե հիմա լիզինգային ընկերություն մը հայկական մասնավոր ավիաընկերության ինքնաթիռ վարձով կտա։ Միակ ճարը այն է, որ մեկը իր անձնական ուժերով պիտի բերի, կամ էլ պետությունը երաշխավորագիր տա: Անձերի համար հնարավոր բան չէ, պետությունը նրանց մեջքին պիտի լինի», - նշեց Ալթունը:

Երկրորդ պատճառը պահուստային փոխադրողի անհարաժեշտությունն է՝ չվերթների անխափանությունը երաշխավորելու համար, եթե մասնավորը փակի այս կամ այն չվերթը շուկայական նկատառումներով:

«Սա պետք է, որ վաղը երկիրը այս կամ այն մասնավոր ընկերության ձեռքը չմնա: Եթե, ասենք, վաղը մասնավորը կարեւոր չվերթ կուզենա բացել, ազգային ընկերությունը ինքնաթիռ կդնի, որ ժողովուրդը գնա-գա: Որովհետեւ Տիգրան Ալթունի կամ մեկ ուրիշի քմահաճույքին համար չէ պետք այս կամ այն թռիչքը: Հայ ուղեւորի համար է պետք», - ընդգծեց նա: