Ռուսաստանում ավելի քան 350 հազար մարդ Change.org կայքում խնդրագիր է ստորագրել պատժամիջոցային ցուցակի մթերքների ոչնչացման դեմ: Այս պահին խնդրագրի տակ ստորագրել է 350 851 մարդ:

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են չեղյալ հայտարարել հրամանը, իսկ այդ սննդամթերքը բաժանել անապահով ընտանիքներին:

«Ինչո՞ւ ոչնչացել թարմ եվրոպական մթերքը, որով կարելի է կերակրել վետերաններին, թոշակառուներին, հաշմանդամներին, բազմազավակ ընտանիքներին, բնության տարերքից տուժածներին եւ այլ կարիքավորների»,- նշում են փաստաթղթի հեղինակները:

Խնդրագիրն հասցեագրված է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Պետդումային:

«Մենք խնդրում ենք ՌԴ նախագահին չեղյալ հայտարարել հրամանը եւ դիմում ենք Պետդումային՝ պահանջելով արագացված կարգով քննարկել եւ ընդունել օրենք՝ եվրոպական ապրանքները բնակչության հատկապես կարիքավոր խավին անհատույց կարգով բաժանելու մասին»,- փոխանցում է Gazeta-ն:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը ուժի  մեջ էր մտել 2015թ օգոստոսի 6-ին: Առաջին օրն արդեն ոչնչացվել էր ավելի քան 250 հազար տոննա բանջարեղեն, միրգ եւ պանիր: