ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Համաշխարհային բանկի առաքելության տնօրեն Լորա Բեյլին եւ ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանին:
Կողմերը, բարձր գնահատելով երկարամյա արդյունավետ համագործակցությունը եւ Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված բազում հաջողված ծրագրերը, հույս են հայտնել, որ առաջիկայում նոր հնարավորություններ կստեղծվեն բնապահպանության նախարարության հետ հետագա համագործակցության համար:
Նախարար Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. «Տարբեր միջազգային կառույցների հետ համագործակցության հարուստ եւ հաջողված փորձը մեզ թույլ է տալիս հույս հայտնելու, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում եւս բնապահպանության նախարարությանը կհաջողվի լուծել մեր երկրի համար կարեւոր բնապահպանական հարցեր: Այսօր ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում բնապահպանական լուրջ խնդիր է գլոբալ տաքացումը եւ կլիմայի փոփոխության բացասական հետեւանքները կանխելու կամ դրանց հակազդելու խնդիրը: Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունն առաջին հերթին անդրադառնում է ջրային ռեսուրսների վրա: Ուստի մենք մեր առջեւ խնդիր ենք դրել ներդնելու Արարատյան հարթավայրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգ, ինչպես նաեւ վերականգնելու հարթավայրի էկոլոգիական հավասարակշռությունը: Մեր մյուս առաջնահերթությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացումն է: Հույս ունենք Համաշխարհային բանկի մասնագիտական եւ ֆինանսական ներուժի աջակցությամբ առաջիկայում մշակել արդյունավետ ծրագրեր, վերոնշյալ պլանները կյանքի կոչելու նպատակով»:
Համաշխարհային բանկի առաքելության տնօրեն Լորա Բեյլը, եւս կարեւորելով բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների հետեւանքով առաջացող մարտահրավերներին դիմակայելու ունակությունը, հույս է հայտնել, որ մասնագիտական քննարկումների եւ առկա փորձի փոխանակման արդյունքում արդյունավետ ծրագրերի մշակման հեռանկարներ կստեղծվեն:




























