Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին հրաման է ստորագրել Սուեզի ջրանցքում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է МЕНА գործակալությունը: Ըստ առկա տեղեկությունների՝ տնտեսական գոտին կձգվի Սուեզի ջրանցքի հունով 460 կմ երկայնքով: Եգիպտոսի իշխանությունները հույս ունեն, որ այդ տարածաշրջանում համաշխարհային  արդյունաբերական կենտրոն կստեղծվի, որը հատկապես գրավիչ կդառնա օտարեկրյա ներդրողների համար: Եգիպտոսի էկոնոմիկայի նախարարության կանխատեսումներով՝ Սուեզի ջրանցքի տնտեսական գոտու զարգացման հետ  այնտեղ տեղակայված արտադրությունները, հաստատություններն ու ծառայությունները կձեւավորեն երկրի տնտեսության ընդհանուր ծավալի մեկ երրորդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի 6-ին տեղի էր ունեցել 72 կմ երկարությամբ նոր Սուեզի ջրանցքի բացման հանդիսավոր արարողությունը: Նոր հունը կկրկնապատկի նավեր ընդունելու ջրանցքի հնարավորությունները՝ օրական 47 նավի փոխարեն ընդունելով 97-ը:

1869թ. բացված Սուեզի ջրանցքը պահպանում է համաշխարհային կարեւորագույն ջրային երակի իր դերը: Դա Եվրոպայից Ասիա տանող ամենակարճ ճանապարհն է եւ բեռների ամենաէժան փոխադրման ուղին: