Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցների սահմանման մասին, հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։
«Այսօր կառավարությունը պատժամիջոցների երկրորդ՝ ընդլայնված փաթեթն է ընդունում եւ դրանք ուղարկում է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդ՝ քննարկման»,- հայտարարել է Յացենյուկը Կիեւում Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ։ Ուկրաինայի վարչապետն այդ քայլը բացատրել է նրանով, որ «երեկվանից սկսել են գործել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները»։
Վաշինգտոնը Մոսկվայի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2014-ի մարտին Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանին միացնելու հետ կապված։ 2014-ի սեպտեմբերին ԱՄՆ-ի սեկտորային պատժամիջոցների ազդեցության տակ են հայտնվել «Գազպրոմը», «Ռոսնեֆթը», «Լուկօյլը», «Սուրգութնեֆթեգազը» եւ մի շարք այլ ռուսական ընկերություններ ու բանկեր։ 2015-ի հուլիսի 30-ին ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը եւս մեկ անգամ ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները։ Օգոստոսի 7-ին Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն, որը ԱՄՆ-ի Առեւտրի նախարարության մաս է կազմում, ցուցակի մեջ է մտցրել Օխոտյան ծովում Գազպրոմին պատկանող Հարավ-Կիրինյան գազախտացման կայանը։
Ուկրաինան 2015-ի հունվարի 25-ին միացել է արեւմտյան պատժամիջոցներին։ Ուկրաինայի սահմանափակող միջոցառումները ենթադրում են Ռուսաստանից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշիվների եւ ակտիվների սառեցում։





























