ՀՔԾ-ն կարճել է քրեական գործը, որը հարուցվել էր մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ, բանակում մահացած զինծառայողների ծնողների, ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու դեպքի առթիվ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը՝ նշելով, որ իր համար սպասելի էր ՀՔԾ այս որոշումը:
«Մենք ապրում ենք մի հանցագործ երկրում, որտեղ կարող են մեկ օրում մեղադրանք սարքել, իսկ իսկական գործն էլ կարող են կարճել: Իրենք, որ կարողացան իմ տղու գործը փակել, էս ի՞նչ ա իրենց համար»,-ասաց տիկին Իրինան:
Մահացած զինծառայողի մայրը նշեց, որ իրենք ծնողներով կխորհրդակցեն եւ կբողոքարկեն այս որոշումը:
Նշենք, որ մահացած զինծառայողների ծնողները ստացել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որտեղ նշված են եղել մայիսի 13-ին ոստիկանների կիրառած բռնությունների հետեւանքով իրենց ստացած մարմնական վնասվածքները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա անցկացնող կանանց նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու դեպքի առիթով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝ իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում։



























