Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Գերմանիային սպառնացել է, որ իր երկիրն ապագայում ոչ մի հանցագործի չի հանձնի, եթե Գերմանիան հրաժարվի հանձնել դատախազ Զեքերիա Օզին։ Այդ մասին գրում է թուրքական «Today's Zaman» թերթը։
Էրդողանն արտահայտել է իր սպառնալիքը, չնայած Ինտերպոլը դեռ չի տվել ձերբակալության իր «կարմիր ծանուցումը»։ Իր հայրենի Ռիզա քաղաքում քաղաքացիական հասարակության համար պայքարող կազմակերպությունների ներկայացուցիչների առաջ ելույթ ունենալով, Թուրքիայի նախագահը նշել է, որ Ինտերպոլը մոտ օրերս «կարմիր ծանուցում» կտա Օզի եւ մեկ այլ նախկին դատախազի՝ Ջելալ Կարայի ձերբակալության համար։ «Տեսնենք, թե Գերմանիան ինչ կանի, երբ «կարմիր ծանուցումը տրվի»,– ասել է նա։
«Եթե Գերմանիան չհանձնի Օզին, ապա երբեք չի տեսնի, որ որեւէ հանցագործի իրեն հանձնեն Թայիպ Էրդողանի ստորագրությամբ»,– հայտարարել է նախագահը՝ իր մասին խոսելով երրորդ դեմքով։ Նա ավելացրել է, որ «Թուրքիան պարզամիտ երկիր չէ»։
Պնդում են, թե կառավարությունը՝ Արդարություն եւ զարգացում կուսակցության գլխավորությամբ, ինչպես նաեւ անձամբ Էրդողանը ձգտում են վրեժ լուծել այդ դատախազներից, որոնք վարում էին 2013-ի դեկտեմբերի 17-ին սկսված հետաքննությունը կառավարող կուսակցության առանցքային դեմքերի շրջանում, այդ թվում նաեւ՝ այն ժամանակվա վարչապետ Էրդողանի նեղ շրջապատում կոռուպցիայի գործը։ Իսկ իր անկեղծ հրապարակումներով հայտնի լրագրող Արզու Յլդիզը հայտարարել է, որ Օզին գուցե սպանեին, եթե ոստիկանությունը ձերբակալեր նրան։





























