Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով մեղադրյալներ Հակոբ Թ.-ն եւ Թովմաս Թ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ հիշյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում բռնություն են կիրառել իրենց նկատմամբ եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
ՀՔԾ-ից փոխանցում են, որ Հակոբ Թ.-ն եւ Թովմաս Թ.-ն հայտնել են նաեւ, որ իրենք ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ ծառայություն իրականացնող ոստիկանները իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել եւ հրաժարվել են իրենց նկատմամբ կիրառված ապօրինությունների վերաբերյալ հաղորդում ընդունելուց:
Բացի այդ, Թովմաս Թ.-ն հայտնել է նաեւ, որ նախաքննությունն իրականացնող քննիչը իրեն գցել է մոլորության մեջ եւ այդ կերպ՝ խոստովանական ցուցմունք կորզել:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների եւ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























