87 տարեկանում Երեւանում մահացել է հայ ամենատարեց «օրենքով գող» Կառլեն Թովմասյանը, որը քրեական շրջանակներում առավել հայտնի էր որպես Գիժ Կառլեն: «Փրայմ Քրայմ» գործակալության տվյալներով, մի քանի օր առաջ Կառլենը տեղափոխվել է երեւանյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ այսօր առավոտյան մահացել է:

Չնայած հանցավոր կենսակերպին, որին Կառլենը փորձում էր հավատարիմ մնալ մինչ խոր ծերություն, նա գողական աշխարհի հայտնի դեմք չի դարձել ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Մարդկանց հիշողության մեջ նա մնացել է ոչ համարժեք արարքներով, ինչի հետեւանքով էլ ստացել է մականունը: Ասում են՝ խորհրդային տարիներին խելագար ձեւանալով՝ Կառլենը սեփական կղկղանքից սարքված «նռնակներ» է նետել ոստիկանների ուղղությամբ:

Կառլենին մեղադրում էին տիտղոսը շահարկելու եւ եղբայրակիցների, մասնավորապես՝ Ձետոյի եւ Ասոյի դեմ ինտրիգներ կազմակերպելու մեջ՝ դրա համար որեւէ հիմք չունենալով: Այդպիսի դեպքերից մեկից հետո, երբ Կառլենը կրկին չի կարողանում հիմնավորում ներկայացնել, գողերի հավաքից հետո նրան թողնում են բաց դաշտում՝ այդպիսով ցույց տալով նրա նկատմամբ վերաբերմունքը:

Սակայն Կառլենին անձամբ ճանաչողներն ասում են, որ լավ մարդ էր, ուշադիր եւ հոգատար էր շրջապատի հանդեպ եւ ոչ ոքի չարիք չէր պատճառում: Կառլենը, ինչպես գողերին է հարիր, համեստ էր ապրում, նրա տան դուռն էլ միշտ բաց էր բոլորի առջեւ: Կախված այն հանգամանքից, թե ինչպես կկազմակերպվի Կառլենի հուղարկավորությունը, պարզ կդառնա, նրան հարգանքի տուրք կմատուցեն մարդկային հատկանիշների համար, թե՞ անվան, որը նա երբեւէ ուներ: