ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի «Ծովառյուծները» կարող են արդեն կանանց ընդունել իրենց շարքերը: Այդ մասին հաղորդում է Navy Time-ը:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի գերագույն հրամանատար ծովակալ Ջոն Գրիներտը, ինքը հնարավոր է համարում, որ կանայք, որոնք կդիմանան վեցամսյա մարզումներին, իրավունք ունենան ծառայության անցնել «ծովառյուծների» (SEALS) ստորաբաժանումում: «Ինչո՞ւ պիտի մերժենք նրանց, ովքեր համապատասխանում են մեր չափանիշներին,- նշել է ծովակալը: Դրա համար ոչ մի պատճառ չեմ տեսնում»:
Միաժամանակ` գենդերային տարբերության պատճառով ոչ մի զիջում չի լինելու, կին թեկնածուներին կներկայացվեն նույն պահանջները, ինչ տղամարդկանց: Սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունվել:
Գրիներտի հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ երկու կին` կապիտան Քրիստին Գրայստը ռազմական ոստիկանությունից եւ «Ապաչ» ուղղաթիռի օդաչու, լեյտենանտ Շեյ Հեյվերը տղամարդկանց հավասար եւ հաջողությամբ անցել են ռենջերների համար նախատեսված մարզումները: Մարզումներին մասնակցելու համար գրանցվել էր 19 կին, բայց միայն երկուսն են հասել վերջնագծին:
Այսպիսով, ՌԾՈՒ-ն եւ բանակը փաստացի հայտարարել են, որ կանայք հնարավորություն կունենան ընդունվել ցանկացած ստորաբաժանում:
Վերջին տարիներին ԱՄՆ-ում աստիճանաբար հանվում են զինված ուժերում ծառայել ցանկացողների առաջ դրված գենդերային արգելքները:





























