«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանի միջեւ այսօր՝ օգոստոսի 19-ին, առերեսում է տեղի ունեցել օգոստոսի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ առերեսման ժամանակ ինքը կրկին պնդել է, որ Հովսեփ Ղազարյանն է իրեն ծեծի ենթարկել, վերջինն էլ պնդել է, որ ընդհակառակը, իրենց վրա են հարձակվել։

Նարեկ Սամսոնյանն այլ մանրամասներ առերեսումից չհայտնեց` նշելով, որ կատարվածի քաղաքական գնահատականը իրենք կտան հայտարարությունով:

Նշենք, որ օգոստոսի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում «Ժառանգություն» կուսակցության և ՀԿ-ի ներկայացուցիչների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ անդամների խոսքով՝

վեճի պատճառը եղել է Նարեկ Սամսոնյանի տված հարցազրույցներից մեկը Հայաստանի ընդդիմադիր ուժերի, այդ թվում «Ժառանգության» մասին  եւ հրապարակման տակ Հովսեփ Ղազարյանի գրած մեկնաբանությունը, որով նա պատասխան է պահանջել ասածի համար: Դեպքի առնչությամբ գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում։ Նարեկ Սամսոնյանը պնդում է, որ ժառանգականներն են հարձակվել իրենց վրա, «Ժառանգության» ներկայացուցիչների խոսքով` ընդհակառակը, ՀԿ անդամներն են սկսել ծեծկռտուքը։