Բանակում մահացած զինծառայողների ծնողները բողոքարկել են մայիսի 13-ին նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպով հարուցված քրեական գործը կարճելու ՀՔԾ որոշումը: Այս մասին այսօր`օգոստոսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը:

«Մենք Գեւորգ Կոստանյանին ուղղված նամակ էինք գրել, որ գործը կարճելու որոշումը վերանայեն եւ նորից քննություն իրականացնեն: Դատախազությունում մեր նամակը չընդունեցին, ստիպված տարանք փոստատուն նամակը, քանի որ բողոքարկելու վերջին օրն էր»,-ասաց տիկին Իրինան:

Իրինա Ղազարյանը նշեց, որ առանձնապես հույսեր չի կապում Հայաստանի արդարադատության համակարգի հետ եւ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Տեսանյութ կա` ոնց են մեզ ոստիկանները քաշքշում, դատաբժշկական փորձաքնության արդյունքներ կան, այդ բոլորը ներկայացնելու ենք Եվրոպական դատարան, էնտեղ գոնե արդարություն կլինի: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք»,-հավելեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա անցկացնող կանանց նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու դեպքի առիթով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6  տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Ավելի ուշ, քրեական գործը կարճվել էր։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝  իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում։