Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի գլխավոր դատախազի գրասենյակը Թուրքիայի Արդարադատության նախարարությանը խնդրել է դիմել Ինտերպոլին՝ երկու նախկին դատախազներ Զեքերիա Օզի եւ Ջելալ Կարայի ձերբակալության համար «կարմիր ծանուցում» ստանալու նպատակով:

Թուրքական «Hürriyet Daily News»-ի փոխանցմամբ, «կարմիր ծանուցում» ստանալու խնդրանքով նախարարություն է դիմել շրջանային դատախազի տեղակալ Օմեր Ֆարուք Այդըները:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ թուրքական մամուլը տեղեկատվություն է տարածել, որ Զեքերիա Օզն ու մյուս դատախազը՝ Ջելալ Կարան, իբր, Վրաստանի եւ Հայաստանի տարածքով Գերմանիա են փախել: Հաղորդվում էր, թե նա Հայաստանից Գերմանիա է թռել օգոստոսի 11-ին։ Նա ոչ մի խնդրի չի բախվել, որովհետեւ այդ ժամանակ նրա ձերբակալման հրամանագիրը դեռ ստորագրված չի եղել։ Հայտնի չէ, նա դեռեւս Գերմանիայո՞ւմ է, թե այլ երկիր է մեկնել։  Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայությունը, սակայն, հայտարարել է, որ նման անուն-ազգանունով անձիք մուտք չեն գործել Հայաստան։