Ադրբեջանում մոտ ժամանակներս ռուսական բազայի հայտնվելու մասին «սենսացիոն» տեղեկության սկզբնաղբյուրը լրագրող է: 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Զվեզդա» հեռուստաալիքով տեղեկություն էր հաղորդվել, որը բազմաթիվ մեկնաբանությունների եւ ենթադրությունների տեղիք էր տվել: Հեռուստաալիքը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքում ռուսական նոր ռադիոլոկացիոն կայան կհայտնվի:

haqqin.az պարբերականը գտել է «Զվեզդա» հեռուստաալիքի կայքում հրապարակված «Կատաղի С-400 «Տրիումֆ» - եվրոպական ՀՀՊ-ի սարսափը» հոդվածի հեղինակ, ռազմական թղթակից Վիկտոր Սոկիրկոյին: Հենց այդ նյութում էր առաջին անգամ հայտնվել այն տեղեկությունը, որն այնպես շփոթեցրել էր քաղաքական եւ ռազմական փորձագետներին:

Բառացի մեջբերում ենք. ««Վորոնեժ» կայանի կառուցումը շարունակվում է, եւ ոչ միայն Ռուսաստանում (Պեչորայում եւ Մուրմանսկում): Նախատեսվում է, որ 2017-ին շինարարություն կսկսվի Ադրբեջանում` Բաքվին բաժին հասած, Գաբալայում գտնվող   «Դարյալ» ռադիոլոկացիոն կայանի փոխարեն»: haqqin.az-ի թղթակցի հետ զրույցում Վ. Սոկիրոն վստահորեն հայտարարել է, որ իր հոդվածում Ամերիկա չի հայտնաբերել, որովհետեւ Ադրբեջանում ռուսական նոր ռադիոլոկացիոն կայանի մասին խոսակցությունները դեռեւս տարիներ առաջ էին գնում:   «Հոդվածում խոսքը սոսկ պլանների մասին էր, որոնք հնչեցվել էին երեք տարի առաջ`  2012-ին Ռուսաստանի այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերդյուկովի կողմից: Դրա վերաբերյալ քաղաքական որոշում չկա, բայց ծրագրերը մնացել  են», - կարծում է լրագրողը: