Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ԱՄՆ այցելության ժամանակ քննադատել է ռուսական քաղաքականությունը: Այս մասին գրում է «Գրուզիա online»-ը:
«Խաղաղության ամերիկյան ինստիտուտ»-ում ելույթի ժամանակ Խիդաշելին հայտարարել է, որ «Ռուսաստանի կողմից Վրաստանին եւ ԽՍՀՄ նախկին մյուս հանրապետություններին որպես «ազդեցության ոլորտ» դիտարկելը խանգարում է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ «անվտանգության տեսանկյունից տարածաշրջանում կայունության» հաստատմանը»:
Նախարարը զեկույցում նաեւ հիշատակել է ուկրաինական ճգնաժամը, «Եվրոպայի անվտանգության ճարտարապետության» հեռանկարները, մասնավորապես, արեւելաեվրոպական եւ Մերձբալթյան երկրներում: Խիդաշելին անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության թեմային՝ ընդգծելով, որ Վրաստանն ու Հյուսիսատլանտյան դաշինքը միմյանց կարիքն ունեն:
Հաջորդ շաբաթ Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն է բացվելու: Նախատեսվում է, որ միջոցառմանը մասնակցելու է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:





























