Հյուրանոցները հրաժարվում են դահլիճ տրամադրել Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնելու» նախաձեռնությանը՝ «Ոչ»-ի ճակատի համաժողով անցկացնելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հյուրանոցների մի մասը միանգամից է հրաժարվել դահլիճ տրամադրել՝ ասելով, որ ազատ դահլիճ չունեն, մյուս մասը համաձայնելուց որոշ ժամանակ անց հրաժարվել է տրամադրել:

«Սեպտեմբերի 12-ին ուզում էինք համաժողով անել, սակայն դեռ ոչ մի հյուրանոց չի համաձայնում դահլիճ տրամադրել, տարբեր պատճառներով հրաժարվում են»,-ասաց նա:

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ «Ոչ»-ի ճակատի համաժողովի ընթացքում ընդունվելու է նախնական հայտարարություն, որը, ըստ էության,  դառնալու է  ՝ «Ոչ»-ի ճակատի  սկզբնավորման հռչակագիրը: Նրա խոսքով` համաժողովի անցկացմանը մասնակցելու համաձայնություն են տվել ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Հիմնադիր Խորհրդարանը», ՀԺԿ-ն, տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ, ՀԿ-ներ: