Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ ազգային արժույթներով առեւտուրը թույլ կտա նվազեցնել գործարքային ծախսերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը:
Հիշեցնենք, որ ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների՝ բելառուսական Գրոդնոյում սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ցանկալի է ակտիվացնել փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործումը եւ կրճատել դոլարացումը ռազմավարական ապրանքների փոխադարձ առեւտրում:
Կարայանի խոսքով, այստեղ կներառվեն ռազմավարական ապրանքները. առաջին հերթին՝ էներգակիրները, այնուհետեւ, հնարավոր է, ցորենն ու այլ ապրանքներ: Այս դեպքում, օրինակ, Հայաստանի համար ռուսական գազի գինը կհաշվարկվի ռուբլիով՝ առանց դոլարին կապելու:
Կարելի է ազգային արժույթի անցնել նաեւ այն ապրանքների առեւտրի պարագայում, որոնց գները ձեւավորվում են ԵՏՄ անդամ երկրներից մեկի սահմաններում: Օրինակ, Հայաստանից Ղազախստան արտահանման դեպքում ապրանքի գինը կարտահայտվի հայկական դրամով՝ տենգեի ուղղակի հաշվարկով, Ղազախստանից Հայաստան ապրանքների ներկրման դեպքում՝ հակառակը: Փոխնախարարի խոսքով, դա թույլ կտա խուսափել գործարքային ծախսերից, ինչպես նաեւ դոլարի տատանումների հետեւանքով առաջացող ռիսկերից:
Կարայանն ընդգծեց, որ նշված քաղաքականությունը ոչ մի կապ չունի ԵՏՄ միասնական արժույթի ծրագրերի հետ, քանի որ ազգային արժույթով առեւտրի զարգացումն այժմ չի կապվում դրամավարկային քաղաքականության համաձայնեցման հետ:
«Դա ընդամենը փոխադարձ առեւտրում ազգային արժույթի համաձայնեցված օգտագործում է՝ ծախսերը կրճատելու նպատակով»,- ամփոփեց փոխնախարարը:




























