Բաղրամյան պողոտայում արդեն երկու ժամ ընթացող «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույց մասնակիցները խմբերի են բաժանվել եւ իրազեկում են քաղաքացիներին` կոչ անելով միանալ իրենց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը։ (ֆոտոռեպորտաժ)
«Մեր ակցիան խաղաղ է, մենք չենք ուզում բախման գնալ ոստիկանների հետ։ Հիմա մոբիլիզացնում ենք մեր ուժերը, ամեն կերպ փորձում ենք քաղաքացիներին իրազեկել եւ կանչել Բաղրամյան»,-լրագրողներին ասաց ակտիվիստը՝ կոչ անելով քաղաքական գործիչներին եւ մտավորականներին գալ Բաղրամյան պողոտա. «Եթե նախորդ անգամ իրենց գալը ձեւական բնույթ չէր կրում, պետք է հիմա էլ գան»։
Նշենք, որ ոստիկանների շարքերը չեն նոսրացել։ Նրանք պարբերաբար բարձրախոսով զգուշացնում են ակցիայի մասնակիցներին ազատել Բաղրամյան պողոտան, հայտարաորւթյանը ակտիվիստները սուլոցներով են արձագանքում։
Բաղրամյան պողոտան փակած ակցիայի մասնակիցները երգում եւ պարում են, նրանք հեռանալու մտադրություն չունեն։
Քիչ առաջ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կոչ ենք անում ժողովրդի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հայտնի մարդկանց շտապ գալ Բաղրամյան պողոտա, քանի որ խաղաղ ժողովրդի և ՀՀ ոստիկանների միջև բախումն անխուսափելի է։ Ոստիկանական ուժերն անհամար են և այս անգամվա բախման հետևանքը կարող է ճակատագրական լինել։ Չկրկնենք անցյալի սխալները…»։
Նշենք, որ այսօր ակտիվիստները շեղվեցին նախապես արտոնված երթուղուց եւ վազելով մտան Բաղրամյան պողոտա, հասան այն հատվածը, որտեղ հունիսին բարիկադներ էին կառուցել իրենց եւ ոստիկանների միջեւ, այստեղ նրանց կասեցրին ոստիկանները` մի քանի շարով պատ կազմած։ Մի քանի հարւոր ակտիվիստները նտեցին Բաղրամյան պողոտայում, երթեւեկությունը դադարեցվեց։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից: Նախաձեռնությանը վրդովեցրել է, որ չնայած նախագահը հայտարարել էր, որ ամբողջ բեռը պետությունը կվերցնի իր վրա, բայց վարչապետը հայտարարել էր, որ սուբսիդավորում կտրամադրի միայն քաղաքացիներին եւ մինչեւ 500 կվտ էներգիա ծախսող ՓՄՁ-ներին։ Նախաձեռնության անդամներն իրենց խաբված են զգում։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























