Porsche ընկերության ղեկավար Մատիաս Մյուլլերը կնշանակվի Volkswagen կոնցեռնի կառավարման խորհրդի նոր նախագահը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Volkswagen-ի դիտորդական խորհուրդը 62-ամյա Մյուլլերի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարի ուրբաթ՝ սեպտեմբերի 25-ին: Նա այս պաշտոնում կփոխարինի հրաժարական ներկայացրած Մարտին Վինտերկորնին:
Այս որոշումն ընդունվելու է, այսպես կոչված, «դիզելային սկանդալի» ֆոնին: Հայտնի է դարձել, որ Volkswagen-ի դիզելային շարժիչով ավտոմեքենաներում ծրագրային ապահովում է տեղադրվել, որը նվազեցրել է վնասակար արտանետումների իրական ցուցանիշը: Ավտոհսկայի դեմ հետաքննություն է սկսվել Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ասիայում:
Մասնավորապես, ամերիկյան կառավարությունը կոնցեռնին պարտավորեցրել է հետ կանչել Volkswagen-ի եւ Audi-ի 482 հազար թեթեւ մարդատար մեքենաներ, որոնք երկրում վաճառվել են 2009-2015 թվականին: Ընկերությանը նաեւ մինչեւ 18 մլրդ դոլարի տուգանք է սպառնում:





























