Եթե Գերմանիայի Բունդեսթագը որոշում կայացնի Հայոց ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ, դա երկու հետեւանք կունենա․ Թուրքիային բարոյական լավ ապտակ կհասցվի եւ գուցե Բեռլինը որոշ պարտավորություններ ստանձնի։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հայոց ցեղասպանության ճանաչման Գերմանիայի հանձնախմբի անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանը՝ հույս հայտնելով, որ Գերմանիայի որեւէ ուժեղ իշխանություն գուցե կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Սակայն նրա խոսքով, Գերմանիայի քաղաքականությունը կայզերական ժամանակներից ի վեր բոլորովին չի փոխվել եւ շարունակում է մնալ պարսավելի․ «Գերմանիան դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Թուրքիայի դաշնակիցն էր։ Նա Թուրքիայի բանակը նոր զինատեսակներով զինելու պատասխանատվություն է ստանձնել։ Գերմանիայում մոտ 4 միլիոն թուրք է աշխատում՝ թուրքերի երրորդ, չորրորդ սերունդը մեծ ազդեցություն ունի ԳԴՀ-ի արտաքին քաղաքականության վրա», -ընդգծել է Քոչարյանը։ Նա արձանագրել է, որ երկու երկրի միջեւ կապերը շատ սերտ են։ «Ոչ մի երկիր ինքնակամ չի ընդունում իր մեղքը։ Եթե հրեական կազմակերպությունները հզոր ճնշում չգործադրեին, Գերմանիան չէր ընդունի իր պատասխանատվությունը Հոլոքոստի իրականացման մեջ։ Կարծում եմ՝ եթե Հայաստանի եւ այլ երկրների կողմից ճնշում գործադրվի Թուրքիայի վրա, նույնը տեղի կունենա նաեւ հայոց ցեղասպանության առումով։ Ժամանակը մեր օգտին է աշխատում», - նկատել է Ժիրայր Քոչարյանը։ Նա հավելել է, որ ի տարբերություն 20 – 30 տարի առաջվան, այժմ Գերմանիայում չի մնացել որեւէ մեկը, որը լսած չլինի Հայոց ցեղասպանության մասին։





























