Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկի ընդունած որոշումը ոչ մի քաղաքական հետեւանք չի ունենա։ Այդ մասին նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը։
Նրա համոզմամբ, դա ընդամենը փաստաթուղթ կլինի, որը Ադրբեջանը կկարողանա վկայակոչել։ «Միջազգային կառույցները շատ լավ հասկանում են, թե ում գրպանն է գնում խավիարի փողը։ Եվրոպայի խորհուրդը մանդատ չունի քաղաքական հարցերով զբաղվելու. դա մարդու իրավունքների ինստիտուտ է։ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետապնդումների, մարդու իրավունքների ակնհայտ խախտումների մասին խոսելու փոխարեն, խոսում է ղարաբաղյան հարցի մասին։ Թող նայեն, թե Լեռնային Ղարաբաղում մարդու իրավուքների առումով ինչ վիճակ է», -նշել է Հարությունյանը։
Եթե Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը բարձր մակարդակում լիներ, հիշեցրել է պատգամավորը, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) չէր հրաժարվի դիտորդներ ուղարկել այդ երկրում տեղի ունեցած ընտրությունները դիտարկելու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ-ի քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստին հայկական կողմերի համար անընդունելի որոշում է ընդունվել, որը կոչվում է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»։ Զեկույցը կներկայացվի 2016-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի քննարկմանը։





























