Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 7-ին Արթիկում մասնակցել է քաղաքի մշակույթի նորակառույց տան բացմանը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, մշակույթի օջախի բացման արարողությունից առաջ վարչապետը կենտրոնի հարակից տարածքում  եղեւնի է տնկել։ Նա շրջել  նորակառույց շենքում։

 «Մշակույթի տանը գործող սրահները, դասասենյակները հնարավորություն կտան միջոցառումներն անցկացնել բարձր մակարդակով։ Դա խթան կհանդիսանա, որ Արթիկում բարձրանա նոր մշակութային ալիք։ Սա բխում է նաեւ համայնքների համաչափ զարգացման ծրագրից։ Մշակույթը Երեւանից պետք է տեղափոխվի նաեւ մարզեր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Սարգսյանը:

Արթիկի մշակույթի տան կառուցման աշխատանքներն իրականացվել են անվանի նկարիչ եւ քանդակագործ Վարազ Սամուելյանի կտակի համաձայն։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված 550քմ. ընդհանուր մակերեսով մշակույթի տան առաջին հարկում գտնվում են հանդիսությունների սրահը, երկրորդ հարկում` կերպարվեստի եւ երաժշտական  խմբակների դասարանները։

Վարազ Սամուելյանը ծնվել է Երեւանում` Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում եւ տեղափոխվել է ԱՄՆ Հայրենական Մեծ պատերազմից հետո (1946թ.), որտեղ եւ կայացել է  որպես նկարիչ ու քանդակագործ։ Ֆրեզնոյում գտնվող նրա հեղինակած Սասունցի Դավթի բրոնզաձույլ արձանը ԱՄՆ-ում հայ ինքնության ամենախոսուն խորհրդանիշերից է։