Խաղողի բերքահավաքը Հայաստանում մտել է վճռորոշ փուլ, թեեւ գյուղատնտեսական շուկաներում խաղողի գնի նվազում դեռեւս չի նկատվում: Այն վաճառվում է կգ-ը 300-400 դրամի սահմաններում (0,8-1,1 դոլար), իսկ գործարանային մթերումները հիմնականում կատարվում են 110-130 դրամով (0,3-04 դոլար)։ Մոտ 20 հազ. գյուղացիական տնտեսություն զբաղված է խաղողի մշակմամբ, մոտ 100-150 հազ. մարդու համար դա կենսապահովման կարեւորագույն աղբյուր է։ Իզուր չէ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում, որ խաղողը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլ սոցիալական եւ քաղաքական մեծ նշանակություն ունի։

Այս տարի սպասվում է մոտ 215 հազ. տոննա խաղողի բերք։ Գումարային հաշվարկով սա մոտ 25 մլրդ դրամ է (մոտ 70 մլն դոլար), եթե խաղողի միջին գին ընդունենք 116 դրամը։ Սա մեր ՀՆԱ-ի հազիվ 0,1 տոկոսն է, սակայն չմոռանանք, որ խաղողը էական նշանակություն ունի կոնյակագործության եւ գինեգործության համար, իսկ սրանք այն ճյուղերն են, որոնց շնորհիվ Հայաստանը կարող է էապես բարելավել իր միջազգային առեւտրային դիրքը։

Մի խոսքով՝ խաղողը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն։ Պատահական չէ, որ վերջին տարիներին խաղողի մշակման ոլորտում մեծ ներդրումներ են կատարվել, հիմնվել են 2 հազ. հա նոր այգիներ։ Վերջին տվյալներով՝ խաղողի այգիները զբաղեցնում են 16,5 հազ. հա։ Ճիշտ է՝ սա կիսով չափ զիջում է այն տարածքներին, որ խաղողի այգիները զբաղեցնում էին խորհրդային տարիներին, սակայն սելեկցիոն աշխատանքների շնորհիվ, խաղողի այգիները հիմա ավելի բերքատու են։ Եթե ներդրումները շարունակվեն այս տեմպերով, ապա 2020 թ. ենթադրվում է, որ Հայաստանը կունենա մոտ 33 հազ. հա խաղողի այգի՝ 1 հա-ից 16-20 տոննա բերքատվությամբ։ Սա Հայաստանին հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել Արարատյան դաշտի եւ նախալեռնային որոշ գոտիների հողերը, քանի որ խաղողագործությունը գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից է։ 1 հա խաղողի այգուց հասույթը կազմում է միջինը 5-6 հազ. դոլար՝ 10 անգամ ավելի շատ, քան ցորենի արտից։ Գյուղատնտեսական ոչ մի այլ կուլտուրա չի ապահովում ավելի բարձր հասույթ 1 հա-ից (հայաստանյան գների պայմաններում)։ Այսպես՝ Արարատյան դաշտում լայն տարածում ունեցող լոլիկի ցանքսերից գյուղացու օգուտը կազմում է լավագույն դեպքում 4000 դոլար 1 հա-ից, մոտավորապես նույնքան էլ՝ ծիրանի այգիներից, սակայն վերջինս աչքի է ընկնում բերքատվության մեծ պարբերականությամբ (3 տարիներից մեկը հաստատապես անբերրի է)։

Այսպիսով՝ եթե մթերումների ու արտահանման հետ կապված իրավիճակը բարելավվի, ապա անկասկած Արարատյան դաշտի եւ որոշ նախալեռնային գոտիների հողերը կրկին կդրվեն խաղողի տակ, ինչպես դա արվում էր խորհրդային տարիներին։ Սակայն եթե այն ժամանակ դա արվում էր պլանային տնտեսության պարագայում՝ Հայաստանի կոմկուսի ղեկավարության հանձնարարականներով, ապա ներկայում դա թելադրում է շուկան։

Սամվել Ավագյան