Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ՝ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը: Հայկական զինուժը անցել է հակահարձակման: Թեժ մարտերը շարունակվում են:

NEWS.am-ը ներկայացնում է իրադարձությունների ժամանակագրությունը: 

  • Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ: Ադրբեջանն օգտագործել է զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: Հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին:

  • ԼՂՀ ՊԲ. ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ: Ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ:

  • ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան. Հայկական բանակն անցել է հակահարձակման: Երկու կողմերն էլ զոհեր ունեն:

  • Հայաստանի պաշտպանության նախարարություն. Մարտական գործողությունների շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետեւանքների:

  • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան. Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են:

  • ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական կողմը կրակ է բացել «Գրադ»-ից. Սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը: Վիրավորվել են 2 երեխա:

  • Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանի գործունեությունն ահաբեկչություն է Ղարաբաղի ժողովրդի եւ Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր երկրի նկատմամբ:

  • ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին տեղեկությունը:

  • ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը տեղեկացված է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ԶՈւ շփման գծում իրավիճակի սրման մասին:

  • ՀՀ պաշտպանության նախարարություն. Հայկական զինուժը ոչնչացրել է ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբ:

  • Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյան. Սերժ Սարգսյանին զեկուցվել է իրավիճակի լարման մասին: Մոտակա ժամերին Հանրապետության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երեւանում:

  • ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. Հայաստանի պետական կառույցները պատրաստ են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման համար:

  • ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաեւ ԱԹՍ եւ տանկ:

  • ԼՂՀ ՊԲ. Ղարաբաղյան ուժերը խոցել են  2 ուղղաթիռ, 3 տանկ եւ 2 անօդաչու թռչող սարք:

  • Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:

  • ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով. Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցրել կրակը: 

  • ԱԳՆ-ն դիմել է միջազգային հանրությանը՝ պահանջելով կարգի հրավիրել Ադրբեջանին: 

  • Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ գործընկերների հետ խորհրդակցություններ է վարում Ղարաբաղի հարցով: 

  • ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան. Ստեփանակերտը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Բայց եթե Բաքուն շարունակի իրավիճակի ապակայունացման փորձերը, ապա դա կավարտվի Բաքվում՝ Արցախի դրոշը ծածանելով: 

  • ՌԴ ՊՆ. Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտահերթ հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով: 

  • Հրետակածության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանն եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանը վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց վիճակը կայուն ծանր է:

  • ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա. Մոսկվան մշտապես կապի մեջ է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով: 

  • Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կոչ է արել ազդել իրավիճակի վրա Լեռնային Ղարաբաղում բռնությունները դադարեցնելու նպատակով:

  • Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: 

  • ՌԴ Պետդումայի պատգամավոր Բորիս Ռեզնիկ. Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները: 

  • ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի գործընկերոջ եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

  • ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինով. Բաքվի գործողությունները հանգեցնում են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը:

  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

  • ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդհատել է աշխատանքային այցը Ֆրանսիա:

  • ԼՂՀ Արցախում վիրավորված վեց անձանց վիճակը կայուն ծանր է

  • ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան. Մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են

  • Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւ. Բաքվի գործողություններին պետք է հաջորդեն միջազգային բնույթի քայլեր

  • ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ. Օբամայի վարչակազմի լռությունը Ալիեւին կանաչ լույս տվեց: 

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ. Մենք խստորեն դատապարտում ենք ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը եւ ու ցավակցում մարդկային անիմաստ կորուստների կապակցությամբ՝այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ 

  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը քննարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: 

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւ մյուս համանախագահները ապրիլի 5-ին Վիեննայում գումարելու են նիստ, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակի սրումը:

  • Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ ունի 12 զոհ, ընդունել է նաեւ մեկ ուղղաթիռ եւ տանկ կորցնելու փաստը: 

  • ԼՂՀ ՊԲ.  Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները

  • Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ պահպանել հրադադարի ռեժիմը:

  • ԼՂՀ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ադրբեջանին ստիպի դադարեցնել ռազմական գործողությունները: 

  • Արցախում վիրավորված երեք զինվորներին տեղափոխել են Երեւանի Կենտրոնական հոսպիտալ: Երկուսին պետք է վիրահատեն:

  • Եվրահանձնակատար Յոհաննես Հանը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը:

  • ԵԱՀԿ նախագահ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայեր. Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

  • ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Ոչնչացվել է 4 տանկ, 2 անօդաչու թռչող սարք եւ 2 ուղղաթիռ:

  • ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր. Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ.

  • Ամենայն հայոց կաթողիկոսը միջազգային հանրությանը կոչ է արել կասեցնել Ադրբեջանի ոտնձգությունները:

  • Ֆրանսիայի ԱԳՆ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները եւ վերսկսել բանակցությունները:

  • Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայ. Լեռնային Ղարաբաղում իրավիճակը պիտի կայունանա:

  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 18 զոհ, մոտ 35 վիրավոր

  • Սերժ Սարգսյանը. Անհրաժեշտ է աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: 

  • Արցախի խորհրդարան. Ադրբեջանը տարածաշրջանը դարձնում է ռազմական գործողությունների թատերաբեմ

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել վերջ դնել զինված գործողություններին

  • ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:

  • Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ. Բանակցություններից բացի՝ այլ ճանապարհ չկա

  • Իրանի ԱԳ նախարարությունն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել բախումները։